ՍՈՒԼՖԱՏՆԵՐ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԵՐ ՇԱՄՊՈՒՆԸ | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
ՍՈՒԼՖԱՏՆԵՐ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԵՐ ՇԱՄՊՈՒՆԸ
22 Օգոստոս, 2017 / Մայա Ադիվի, մարքեթինգի ու վաճառքի թիմ, կոսմետոլոգ

Հայաստանում բնական շամպունը խիստ բացառիկ բան է: Բայց այստեղի այրող արեւը կամ ձմեռային չոր օդը, որ մազերը դարձնում է անփայլ ու անկյանք, որակյալ շամպունի կարիքը վերածում է առաջին անհրաժեշտության:

Շամպունի համար քիմիկոսների մեր թիմի ընտրած բանաձեւը համադրում է մազարմատներն ամրացնող բույսերի մզվածքները մաքրող ամենանուրբ միջոցների հետ: Մեր սնուցող ու վերականգնող շամպունի մասին կարող եք կարդալ այստեղ:

Ի հավելումն նրա, որ ՆԱԻՐԻԱՆ-ը սկզբունքորեն չի օգտագործում վնասակար քիմիկատներ, արհեստական բույրեր ու ներկեր, Անահիտի՝ մեր գիտական հետազոտությունների ղեկավարի համար շատ կարեւոր էր, որ շամպունի բանաձեւն ամբողջովին զերծ լինի սուլֆատներից: Իսկ ի՞նչ են սուլֆատները:

«Սուլֆատներ» բառը սովորաբար հղում է նատրիումի լաուրիլսուլֆատին (SLS) եւ նատրիումի լաուրետսուլֆատին (SLES), բայց վերաբերում է նաեւ այլ անիոնական մակերևութային ակտիվ նյութերի (ՄԱՆ): SLS-ն ու SLES-ը սուլֆատներ են, որոնք օգտագործվում են շամպուններում, մարմնի գելերում եւ այլ մաքրող միջոցներում:

Ի՞նչու են դրանք վնասակար:

Նատրիումի լաուրիլսուլֆատը քաջ հայտնի է որպես գրգռող բաղադրիչ: Դրա կարճատեւ գործածությունը կարող է հարուցել մաշկի գրգռում, իսկ երկարատեւ գործածությունը գրգռվածություն է առաջացնում մարդկանց մեծամասնության մոտ: Թե՛ SLS-ը, թե՛ SLES-ը թողնում են հիմնային (ալկալիական) նստվածք, ինչը մազերի դեպքում ավելացնում է գանգրությունը, քայքայում է վերնամաշկը, նվազեցնում մազերի բնական փայլն ու ողորկությունը: Նրանք, ովքեր սկսել են գործածել սուլֆատներ չպարունակող շամպուններ (ինչպես եւ ես), նկատում են, որ երբ մաշկը հարմարվում է ավելի նուրբ մաքրող միջոցին, ձեռք է բերում ավելի փափուկ ու առողջ տեսք:

Ինչով ենք փոխարինել սուլֆատները

Մեր շամպունի բանաձեւում մենք նույնպես օգտագործել ենք մակերեւութային ակտիվ նյութեր (ՄԱՆ), որոնք հավելյալ յուղերն ու աղտոտությունները կմաքրեն մազերից: Այնուամենայնիվ, մեր քիմիկոսներն ընտրել են դրանք բազմաթիվ տարբեր նուրբ ակտիվ նյութերի միջից եւ երաշխավորում են, որ շամպունը եւ՛ շատ նուրբ է, եւ՛ շատ արդյունավետ: Այժմ պետք է մի փոքր համբերեք, որովհետեւ փորձելու եմ խոսել գիտական լեզվով:

Ինչպես դիմահարդարող քիմիկոս Սթիվըն Ալան Կոն է գրում իր օգտակար հրապարակման մեջ, պստլիկ ՄԱՆ մոլեկուլը (ինչպիսին SLS-ն է) կարող է հեշտորեն թափանցել մաշկի մեջ իր չափսի պատճառով: Եւ երբ այն արդեն ներթափանցել է, կարող է բորբոքային պրոցես առաջացնել մաշկի ներսում: Կարելի է ավելի մեծ ՄԱՆ մոլեկուլների գործածումով նվազեցնել գրգռման հնարավորությունը, սակայն լավագույն եղանակն է համադրել իրար ձուլվող ՄԱՆ մոլեկուլներ, որոնք կստեղծեն միցելներ: Միցելերը փրփրում առաջացնող ՄԱՆ մոլեկուլների համակցություններ են, եւ որքան այն խոշոր է, այնքան ավելի նուրբ է ազդում մաշկի վրա: Խոշոր եւ կայուն միցելներ ստեղծելու վստահելի եղանակ է բազմաթիվ եւ տարբեր չափերի ՄԱՆ մոլեկուլների համադրությունը: Ահա այս կերպ ենք վարվել մեր շամպունը ստեղծելիս:

Շամպունի բաղադրիչների ցանկն այս առումով գուցե այդքան էլ գրավիչ չէ, քանի որ նշում է առաջին հայացքից անծանոթ բազմաթիվ քիմիական նյութերի մասին: Սակայն հենց այդ անհրապույր թվացող ցանկն է իրականում մեր շամպունի բանաձեւը դարձնում այդքան նուրբ ու հաճելի: Երբ ավելի ուշադիր նայեք յուրաքանչյուր ՄԱՆ բաղադրիչի, կտեսնեք, որ դրանք բոլորն էլ ստացված են բնական եղանակով, բիոքայքայվող են եւ «Environmental Working Group»-ի կոսմետիկական բազայում ունեն անվտանգության ամենաբարձր գնահատականը:

Այլ բաղադրիչներ, որոնք նախընտրում եմ

Բնական է, որ մաքրելուց զատ շամպունը պետք է օգտակար լինի մազերին ու մաշկին: Այն պետք է ամրացնի մազերը, մի փոքր խոնավացնի դրանք: Մեր շամպունում այս արդյունքը ստացել ենք խոնավությունը պահող ալոե վերայի եւ սնուցող ունաբի յուղի շնորհիվ: Տերեփուկի մզվածքը եւ խորդենու յուղը պաշտպանում են մազերը միջավայրի վնասակար ազդեցությունից հակաօքսիդիչների իրենց խիտ պարունակության շնորհիվ: Դրանք նաեւ մազերին հաղորդում են չնաշխարհիկ բույր եւ ձեր լոգանքը վերածում են իսկական զգայական փորձառության:

Մենք շատ ոգեւորված ենք խնամքի այս միջոցը ներկայացնելու համար, եւ միաժամանակ ներկայացնում ենք հարուստ ու փափկացնող Մազերի բալզամի ու թարմացնող Շամպուն-օճառի հետ: Իհարկե, շամպունի ու մազերի բալզամի տարաները վերօգտագործելի են։ Գիտենք, որ կսիրեք դրանք:

Մեկնաբանեք ու տեղեկացրեք մեզ, եթե ունեք հարցեր եւ առաջարկներ:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: