Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Մասուրի բուժիչ հատկությունները
6 Մայիս, 2019 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Ասում են՝ էլ մարդ չկա,

Որ փնտրի քնքշանքդ փշոտ,

Քեզ գրկի ու տաքանա,

Մասրենի, ժայռի մասրենի։*

Դարը փոխվել է, սիրելի բանաստեղծ, հիմա մենք այն էլ ինչպես ենք մասրենի փնտրում: Այսինքն՝ փնտրելու կարիք չկա. մեր շրջակայքում ամենուր մասուրի թփեր են: Յուրաքանչյուր տարի հպարտությամբ հավաքում ենք մասուրի բերքն ու կորիզներից սառը մամլման եղանակով քամում սնուցիչ յուղը: Մասուրի թեթեւ, հոսուն յուղն օգտակար է մաշկի բոլոր տեսակներին: Դե, իսկ Արալեռան լանջերին աճող, տեսքով փշոտ, բայց շա՜տ փափուկ մասուրի համն անմահական է. փորձողը երբեք չի մոռանա:

Հին ժողովուրդների համար մասուրի բուժիչ հատկությունների մասին հիշողությունը գենետիկ է: Այն հայտնի է Չինաստանում, Տիբեթում, Սիբիրում: Մասուրի թեյը, թուրմն ու կորիզայուղը մեծ տարածում ունեն հին մշակույթներում. պատճառն ավելի քան ակնհայտ է:

Մասուրը վիտամին С-ի քանակությամբ գերազանցում է անգամ կիտրոնին: Պարունակում է В1, В2, К, Е, В6 վիտամիններ, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Ունի զորեղ մանրէասպան հատկանիշներ, ամրացնում է մազանոթները, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Ավելին, ամեն օր մասուր օգտագործելու դեպքում կարելի է մոռանալ սրտային հիվանդությունների մասին, ինչպես պարզել են Շվեդիայի Լունդ համալսարանի հետազոտողները:

Մասուրի կորիզների յուղը բարձր է գնահատվում մաշկի խնամքի միջոցներում, քանի որ մաշկը կարող է արագորեն եւ ամբողջվին կլանել այն: Իսկ գեղեցկության աշխարհում յուղը շատ սիրված է, քանի որ հակաօքսիդիչ բետա-կարոտինի բարձր քանակության շնորհիվ կանխում է վաղահաս ծերացման նշանները եւ պաշտպանում է մաշկը միջավայրի վնասակար ազդեցություններից:

Հակատարիքային եւ սպիացած հետքերն անհետացնող, բետա-կարոտինով հարուստ մասուրի կորիզի յուղը պարունակում է բացառիկ ճարպաթթվային խումբ, որի շնորհիվ երբեք գրգռում չի առաջացնում: Շատերը նկատում են, որ մասուրի կորիզի յուղով խնամքի միջոցները պարբերաբար կիրառելիս՝ այն բարելավում է մաշկի տեսքը եւ դեմքից գրեթե անհետացնում մանր սպիները:

Մենք գործածում ենք մասուրի կորիզայուղը յուղոտ մաշկի համար նախատեսված եւ մաշկի վաղահաս ծերությունը կանխող խնամքի միջոցներում, Մազապարկիկներն ամրացնող շիճուկում:

Այս բնական բաղադրիչի հիմքով է պատրաստված նաեւ տարիքի դեմ պայքարող մեր նոր Ցերեկային շիճուկը մասուրի կորիզայուղով:

Նոր հակատարիքային բանաձեւում մենք համադրել ենք մասուրի, ծիրանի կորիզայուղերն ու դամասկյան վարդի եթերայուղը: Հարթեցնող եւ պաշտպանող ցերեկային շիճուկը կխթանի ձեր մաշկի սնուցումը՝ մաշկին փոխանցելով կենսատու վիտամիններ եւ բաղադրիչներ պարունակող բնական յուղերով: Բոլորս անհամբեր սպասում ենք՝ փորձելու բուժիչ մասուրի կախարդանքը մեր մաշկին:

Հա, ի դեպ, նաիրիանցիների հետ ընկերանալու գաղտնիքն էլ ասեմ՝ մասուրով ու մեղրով թեյ մատուցեք, ցանկալի է ձմռանը՝ դրսում, արեւ եղանակին:

Մասուրն աճում է նաեւ իմ այգում: Հայրս ինձ պարսկական դեղին մասուրի տնկիներ է տվել ու ասում է, որ պտուղները շատ ավելի քաղցր են: Տեսնենք արդյո՞ք նույնքան առողջարար են:)  

 

* ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,

Մասրենի, սարի մասրենի,

Պատիվդ պահող չկա,

Մասրենի, բարի մասրենի։

Ասում են՝ էլ մարդ չկա,

Որ փնտրի քնքշանքդ փշոտ,

Քեզ գրկի ու տաքանա,

Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա,

Մասրենի, վայրի մասրենի,

Կրքերիդ կրակը քեզ

Թող այդպես այրի, մասրենի...

Կանգնել ես քո բարձունքին,

Մեկուսի, մենակ, մենավոր...

Իմ երես առած դարում

Դու լքված այրի, մասրենի։

Համո Սահյան

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: