Ձեռքերի խնամքը թագավարակի օրերին. խորհուրդներ Նաիրիանից | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ձեռքերի խնամքը թագավարակի օրերին. խորհուրդներ Նաիրիանից
1 Մայիս, 2020 / Անահիտ Մարկոսյան, Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար

Կորոնավիրուսը կամ թագավարակը պատված է երկշերտ ճարպաթաղանթով, որի վրա մեխված սրածայր սպիտակուցներ են՝ նման թագի ճառագայթներին. այստեղից է առաջացել թագավարակ բառը: Այս թաղանթը հեշտորեն ոչնչանում է օճառի կամ սպիրտի հետ շփումից, ինչի արդյունքում վարակը վնասազերծվում է:

Օճառով լվացվելու լավ եւ վատ կողմերը

Չմոռանանք, որ օճառի համար բոլոր ճարպաթաղանթները միեւնույնն են եւ օճառը նույն հաջողությամբ ոչնչացնում է նաեւ մաշկի պաշտպանիչ ճարպաթաղանթները: Օճառի հաճախակի կիրառումը քայքայում է մաշկի յուղային պաշտպանիչ շերտը, հեռացնում օգտակար մանրէները եւ կարող է հարուցել անդրմաշկային ջրազրկում  (Transepidermal Water Loss, TEWL): Այդուհետ մաշկը կարող է չորանալ, ճաքճքել, թեփոտել, ծածկվել մանր ու մեծ ճեղքվածքներով, որոնք կարող են խորանալ եւ տարածվել դեպի մաշկի խորքային շերտերը: Նման իրավիճակում ձեռքերի մաշկը խոցելի է ցանկացած վարակի հանդեպ, եւ հեշտորեն կարող է բորբոքվել:

Կարող են ի հայտ գալ ավելի մեծ բարդություններ, եթե անձը ստիպված է պաշտպանիչ եւ մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ կրել: Այդ ձեռնոցները չեն շնչում եւ ժամանակի ընթացքում քրտնեցնում են ձեռքերը: Քրտնած ձեռքերի կակղած մաշկն առավել խոցելի է, հատկապես եթե այն արդեն իսկ վնասված է հաճախակի լվանալուց եւ ախտահանվելուց:

Չոր, թե՞ ջրազրկված մաշկ

Նախ եկեք հասկանանք, թե ինչ է չոր մաշկը եւ ինչով է այն տարբերվում ջրազրկված մաշկից:

Մաշկը չոր է համարվում երբ դրա յուղային շերտը վնասված է, իսկ մաշկի ջրազրկումն առաջանում է մաշկի արտաքին շերտում՝ Straus corneum (SC)-ում ջրի, այլ ոչ թե ճարպի բացակայությունից:  

Մաշկի ջրազրկման հիմնական պատճառներն են ծերացումը, արեւի ճառագայթների շարունակական չարաշահումը, ջրի նվազ օգտագործումը: Իսկ մաշկի չորացումը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սովորաբար՝ հաճախ լվացվելուց, կոշտ օճառների, տարատեսակ ախտահանիչների, խոնավ անձեռոցիկների եւ մաքրող կենցաղային հեղուկների կիրառումից:

Ջրազրկված մաշկը կարող է վերականգնվել ջրային հիմքով խոնավացնող քսուքների օգնությամբ, այդպիսիք են ձեռքի լոսյոններն ու քսուքները, որոնք պարունակում են գլիցերին, հիալուրոնային թթու, կաթնաթթու, կարբամիդ եւ այլն: Իսկ չոր մաշկը վերականգնելու համար պետք է քայքայված ճարպաշերտին փոխարինող օգնություն գտնել: Այդ նպատակով կարելի է օգտագործել խոնավացնող յուղային հիմքով քսուքներ, քանի որ ջրային հիմքով քսուքները երբեմն կարող են ավելի չորացնել մաշկը:

Ի՞նչն է ավելի օգտակար չոր մաշկին

Խնդիրն այն է, որ խոնավացնող քսուքների համանուն բաղադրիչները կարող են ջուր կլանել օդից, ինչպես նաեւ տեղափոխել ջուրը մաշկի ամենախոր շերտերից դեպի արտաքին շերտը (SC):

Եթե մաշկի արտաքին յուղային շերտը վնասված է, հավանական է, որ խոնավացնող քսուք կիրառելիս դրա խոնավացնող բաղադրիչները էլ ավելի չորացնեն մաշկը՝ մղելով ջուրը դեպի մաշկի վնասված, անպաշտպան եւ չոր արտաքին շերտ, որն ինքյան ի վիճակի չէ պահպանելու խոնավությունը:

Նաիրիանի՝ յուղային հիմքով Ձեռքի պինդ քսուքները եւ մանրէասպան ձեռքի պինդ քսուքը շատ ավելի նախընտրելի խնամքի միջոցներ են եւ կարող են արագորեն բուժել չոր մաշկը: Յուղային եւ մեղրամոմի հիմքով այս պինդ քսուքները խոնավությունից զերծ են, եւ կատարյալ պաշտպանություն են ապահովում մեկանգամյա ձեռնոցների շարունակական կիրառման դեպքում: Ավելին, դրանք պարունակում են հակամանրէային նարդոսի, կիտրոնային ռեհանի, պատրինջի կամ այլ եթերայուղեր, որոնք բուժում են մանր ճաքերն ու ճեղքվածքները՝ պաշտպանելով մաշկը հավելյալ չորությունից եւ կանխելով վարակների ներթափանցումը:

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: