Հավերժության բույսեր | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Հավերժության բույսեր
18 Մայիս, 2020 / Կարին Գրիգորյան, թարգմանիչ, բլոգեր

Ժողովրդական բժշկությունը հազարամյակների պատմություն ունի. ծաղիկները, ծառի կեղեւները, սնկերը, բույսերն ու միկրոբները հաճախ հիմք են հանդիսացել դեղամիջոցների ստեղծման համար: Այսօր գուցե մեծ ուշադրություն չենք դարձնում դեղահաբերի բաղադրությանը, սակայն եթե հետաքրքրվենք, ապա կպարզենք, որ դրանցից շատերի ստեղծման հիմքում հենց ժողովրդական բժշկությունն է, բուսաբուժությունը, ինչու չէ, նաեւ լեգենդները: Որոշեցինք ձեզ համար առանձնացնել 5 բուժամիջոցներ, որոնք հազարամյակների կիրառություն են ունեցել տարբեր մշակույթներում եւ դեղամիջոցներ են դարձել գիտության եւ բժշկության զարգացման արդյունքում:

Բորբոսից հակաբիոտիկ

Առաջին գրանցված բժշկական գրառումներից էլ առաջ՝ բորբոսն օգտագործվել է տարբեր վարակների դեմ Հնդկաստանում, Եգիպտոսում եւ Հունաստանում: Նմանատիպ բուժամիջոց է եղել հացի խոնավ խմորի եւ սարդոստայնի կիրառումը Լեհաստանում: 1870-1927 թվականների ընթացքում տարբեր ֆիզիկոսներ նկատեցին, որ բորբոսի տեսակներից մեկը՝ պենիցիլիումը, կարող է պայքարել վարակների դեմ: Այնուհետեւ պարզվեց, որ վարակներից բուժումը պենիցիլիումի կողմնակի արդյունքներից է: Այսպես ստացան առաջին զտված պենիցիլինը, որը նաեւ առաջին իրական հակաբիոտիկն է:

Ճերմակ ուռենու կեղեւ եւ Փրփրուկ թեղանման, նույն ինքը՝ ասպիրին

Ճերմակ ուռենին ծագում է Եվրոպայից եւ Չինաստանից: Ուռենու կեղեւը հնում վաճառվել է Եգիպտոսին, Շումերին եւ Ասորեստանին: Մարդիկ ծամել են ծառի կեղեւը այտուցների, ուռուցքների եւ փոքր վնասվածքները բուժելու համար դեռ մեր թվարկությունից առաջ: 1763-ին սպիտակ ուռենու կեղեւը հայտնի է դարձել մալարիայի դեմ բուժամիջոցների թվում: Իսկ թեղանման փրփրուկը նմանատիպ վնասվածքնեի դեմ օգտագործել են կելտ դրուիդները՝ կելտերի կրոնական առաջնորդները: Ի վերջո, սալիցիլաթթուն, որ ստացվել է ուռենու կեղեւից եւ փրփրուկի սալիցինից՝ հետագայում հիմք է ծառայել ասպիրին դեղամիջոցի համար: Ի դեպ, մենք նույնպես կիրառում ենք այս ուռենու կեղեւի քամուկը մեր բանաձեւերում: 

Հավերժ կամֆորա

Կամֆորան դեղանյութ է, որը խթանում է արյան շրջանառությունը և շնչառությունը, ուժեղացնում սրտամկան նյութափոխանակության գործընթացները։ Այն կիրառվել է հին մշակույթներում բորբոքումների դեմ եւ ջլերի բուժման համար: Այուրվերդիկ բժշկության մեջ օգտագործվել է տենդի եւ փորլուծության դեմ: 1854-1855 թվականներին կամֆորան հաջողությամբ կիրառվել է Նեապոլում, խոլերայի դեմ, իսկ 20-րդ դարում շարունակվել է բուժել սրտխառնոցը, եւ, մինչ օրս էլ, ինչպես ասում են, «սրտի համար լավ է»: Հայտնի բաղադրիչ է նաեւ մրսածությունը բուժող եւ շնչառությունը բարելավող դեղամիջոցներում:

Ալոե

Ալոեի սնուցիչ հյութի մասին հիշատակումներ են գրանցվել 6000 տարի առաջ հին Եգիպտոսում: Իսկ բույսի հակաբորբոքիչ եւ բալասանող հատկությունները գրանցվել են «Էբերի պապրուսում» մ.թ.ա 1550 թվականին: Ահա ռուսական լեգենդը վկայում է, որ նավագնացներից մեկին անծանոթ հիվանդության պատճառով ստիպված են եղել ծովափին թողնելու: Մեկ ամիս անց նավաստուն ճանաչել է նավագնացների մեկ այլ խումբ, վերջինս շատ ավելի առողջ տեսք է ունեցել: Ջունգլիներում գտնված բույսը, որ հավանաբար ծարավը կամ քաղցը հագեցնելու համար էր փորձել նավաստին, բուժել էր նրան եւ, պատմության համաձայն, հենց այդպես էլ ալոեն հայտնվել է Ռուսաստանում: Ալոեից ստացվող հյութն օգտագործվում է դեղագործության, իսկ գելը՝ կոսմետիկայի արտադրության մեջ:

Կոֆեին

Կոֆեին են պարունակում բազմաթիվ դեղամիջոցներ եւ ամենօրյա կիրառման ապրանքներ: Չինական լեգենդի համաձայն՝ Շենոնգ կայսրը բացահայտել է կոֆեինը մ.թ.ա. 3000 թվականին, երբ թեյի տերեւներ է լցրել եռացող ջրի մեջ՝ վերականգնող թուրմ ստանալով: Կոլա ծառի պտուղը արեւմտաաֆրիկյան մշակույթներում ծամում էին քաղցը կոտրելու եւ էներգիայով լցվելու համար: Սուրճի հատիկներից կոֆեինի առանձնացումը տեղի է ունեցել 1819 թվականին: Այսօր կոֆեինն օգտագործվում է միգրենի դեմ պայքարում, բայց ավելի շատ հայտնի է իր էներգետիկ հատկություններով: Իսկապես, ո՞վ կարիք չունի առավոտյան մի բաժակ սուրճի:

Եթե հետաքրքրեց, ապա գրեք մեզ ձեզ հայտնի բուսաբուժական լեգենդների եւ պատմությունների մասին, սիրով կսպասենք:

Կապի մեջ

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: