Ինչպես եմ ճամփորդում Արագյուղում | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ինչպես եմ ճամփորդում Արագյուղում
28 Մայիս, 2019 / Սահականուշ Եղիազարյան, հաճախորդների աջակցման մասնագետ, էքսկուրսավար

«Ինչպես բոլոր ճանապարհորդները, ես տեսել եմ ավելին, քան հիշում եմ և հիշում եմ ավելին, քան տեսել եմ» Բենջամին Դիսրաելի

Քիչ մարդկանց եմ ճանաչում, ովքեր ճամփորդել չեն սիրում: Հնարավորություններն այսօր շատ իրական են, ուղղություններն՝ անսահման, ձևերն՝ ըստ նախընտրության, բոլորին հայտնի, ֆիզիկական տեղաշարժերի կամ առցանց ծրագրերի միջոցով:

Բայց ճամփորդության իմ ձևը գուցե շատերը համարեն ամենօրյա աշխատանքի մաս:

Իմ ճամփորդությունը սկսվում է մայիսին։ Երևանի ամենասրտից մեքենան սլանում է բարձր արագությամբ։ Բաց պատուհանից գարնանային մեղմ քամին խաղում է մազերիս հետ, առավոտյան արևի ճառագայթները խուտուտ են տալիս աչքերս, տաքացնում` այտերս։ Անհամբեր եմ. սպասում եմ թարմ կանաչով պատված դաշտերին ու ձյունածածկ լեռներին։ Եվս 15 րոպե և ես արդեն այնտեղ եմ:

Անհամբերությամբ բացում եմ դարպասն ու մուտք գործում բակ: Ինձ դիմավորում է հպարտ արծաթափայլ ուռենին. ճյուղերը տատանվում են մեղմ քամուց: Եվս մի քանի քայլ և արդեն այգում եմ։ Զգում եմ հողի խոնավության ու թարմ կանաչի հոտը։ Օդի թարմությունից ու մաքրությունից առաջացող թեթև գլխապտույտը քայլերս ուղղում են ծաղիկների կողմը, դեպի դամասկյան վարդերի փոքրիկ դաշտը։ Բույրերի ու գույների բազմազանությունից արբած շրջում եմ այգում. թռչյունները դայլայլում են, մեղուները՝ համակարգված բզզում:

Շարունակում եմ քայլել դեպի այգու խորքը և հայտնվում եմ անուշաբույր տարածող մի նոր աշխարհում․ ծաղիկների և բույսերի թորումը սկսված է ամբողջ ծավալով, գործընկերներս հոգածությամբ վերահսկում են աշխատանքի ընթացքը։

Արդեն բուն արտադրական հատվածում եմ, ուր օդը հագեցած է տարբեր եթերայուղերի, յուղերի և քամուկների հոտերով։ Այս լուսավոր, ընդարձակ սրահի ամեն անկյուն «շնչում է». գունավոր հեղուկներով լի տարբեր մեծության անոթներում ստեղծվում են նոր խնամքի միջոցները: Սրահի ամենախորքում՝ թափանցիկ ապակիներից այն կողմ, «մաքուր սենյակն» է, ուր պատրաստվում և շշալցվում է վերջնական արտադրանքը:

Շրջագայությունս ավարտվում է խոհանոցում՝ գործընկերներիս հետ մի գավաթ սուրճի կամ թեյի շուրջ:

Սպասում եմ հյուրերիս։

Նրանք, որպես կանոն, չեն ուշանում։ Տարբեր ազգերի ու կրոնի ներկայացուցիչներ են, ունեն տարբեր համոզմունքներ, արժեքներ, մասնագիտություններ, հետաքրքրություններ։ Ուղեկցում եմ նրանց նույն ճանապարհով, որով անցա քառորդ ժամ առաջ:

Շրջայցի ընթացքում սիրում եմ հետևել հյուրերիս փոփոխվող ապրումներին: Նրանք սովորաբար արտահայտում են զարմանք, հպարտություն, հիացմունք, բավարարվածություն, երախտագիտություն, հարգանք ու խոնարհում դաշտերում աշխատող արագյուղցիների նկատմամբ։

Սկսվում է հարցերի տարափը մեր բուսականության բուժիչ հատկությունների, հողի ուժի մասին, ինչպես է ստեղծվել Նաիրիանը, ինչպիսի ներդրումներով, որ երկրներից են ներկրվում մնացյալ բաղադրիչները, ինչպես է վերահսկվում որակը, ինչ մարքեթինգային հնարքներ են կիրառվում վաճառքի համար, որ երկրներ է արտահանվում, ինչպիսի ձեռքբերումներ են գրանցվել․․․

Հատկապես հետաքրքիր է հյուրերիս հետևել հյուրասիրության ընթացքում, երբ արդեն գրեթե ամեն ինչ փոխանցված, պատմված և ցուցադրված է։ Բնական թեյեր ըմբոշխող հյուրերս, որպես կանոն, ցանկանում են ծանոթանալ և անձամբ շնորհակալություն հայտնել այն թիմին, որն այսպիսի նվիրվածությամբ և սիրով այդքան մեծ գործ է անում։

Երբ կոսմետիկայի արտադրության հետ կապված հարցերը սպառվում են, սկսվում է զրույց ազգային ուտելիքների, ավանդույթների, տոների, արժեքների, մշակույթի, տնտեսական և քաղաքական հարցերի շուրջ։ Երկու-երկուսուկես ժամն անցնում է ակնթարթի պես։ Հյուրերս, որոնք արդեն իմ ծանոթներն են աշխարհի տարբեր ծայրերից, պատրաստվում են հրաժեշտի՝ վերադարձի ու փոխադարձ այցի խոստումներով։ Ուղեկցում եմ նրանց մինչև դարպասը, բացում եմ դուռը և բարի ճանապարհ մաղթում։

Քայլում եմ դեպի արծաթափայլ ուռենուց կախված ճոճանակը։ Ճոճվում եմ՝ հիշողությանս մեջ փորձելով ամրագրել այն ամբողջ նորը, որ ստացա հանդիպումից:

***

«Բարև Ձեզ։ Բարի գալուստ Նաիրիանի արտադրամաս։ Ես Սահականուշն եմ։ Սիրով կպատմեմ Ձեզ Նաիրիանի մասին»։

Արդեն երեք տարի է՝ ես ճամփորդում եմ Նաիրիանի հետ:

***

Ձեր զբոսայցն ամրագրելու համար զանգահարեք 041 445 442 կամ գրեք visit@nairian.com

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: