Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից*
28 Դեկտեմբեր, 2018 / Շուշան Արշակյան, գնումների բաժին

Կարմիր թուշիկներով տղան նստած էր իմ դիմաց այն սրճարանում, որտեղ մտածում էի Կարինի առաջարկի մասին՝ կիսվել Ամանորի մասին իմ մտքերով։ Հենց այդ մանչուկն էր, որ իր չարաճճի աչուկներով ոգևորեց ու ոգեշնչեց ինձ ու հիշեցրեց իմ զարմիկներ Ռենեին և Անրիին, որոնք ամեն տարի մեծ ակնածանքով ու շողշողուն հայացքներով սպասում են Նոր տարվան, նամակներ գրում Ձմեռ պապին ու ոգևորությամբ զարդարում տոնածառը։ Երեխաները՝ բոլորը, տոներին պատրաստվելու հատուկ ու անկրկնելի մոտեցում ունեն։ Նրանք ուրախանում են ձյան փաթիլներից, բացվող նվերների ձայներից, ասես ամեն նվերային տուփի մեջ մի նոր աշխարհ են բացահայտում։

Իսկ մենք՝ մեծերս, ի՞նչ ենք երազում ու մտապահում առաջին ձյան փաթիլի, տոնածառին կախված առաջին խաղալիքի հետ։ Ես ինքս ամեն տարի տոնածառը զարդարելիս չեմ բավարարվում մի ցանկությամբ․ իմ ամեն մի խաղալիքը մի երազանք է ընտանիքիս, ընկերներիս և իմ բոլոր սիրելիների համար։ Արդեն երկար տարիներ՝ իմ նամակներն ու ցանկությունները Ձմեռ պապին ամփոփվում են տոնածառի խաղալիքներում։ Կարծում եմ՝ հենց մեր ցանկություններն են, որ այս ցրտաշունչ ձմեռային տոնը վերածում են ամենաջերմ ու ընտանեկան տոնակատարության՝ միախառնվելով լույսերի, ժպիտների և շխշխկան թղթի ձայնին, ու վերածվելով սիրո արտահայտության։ Դա այն սերն է, որն ամենքս տարածում ենք օդում՝ պատրաստվելով գալիք տարվան․ սեր, որն ամեն անգամ վերածնվում է ձյան առաջին փաթիլների հետ, փաթիլներ, որոնք մի պահ լռեցնում են աշխարհի աղմուկը և բոլորիս վերադարձնում են հեքիաթային իրականություն։

Այդ իրականությունը մեզ հանկարծ հուշում է, որ, ահա, եկավ նվերների երկար ցուցակ կազմելու պահը, որ պետք է հիշել այդ ցուցակի անուններից յուրաքանչյուրի հայացքը, մտքերը, նախասիրությունները, և, որն ամենակարևորն է, պատահաբար արտահայտած ցանկությունները։ Հետո վերցնում ենք այդ ցուցակն ու սկսում պտտվել խանութներով, փնտրել, ընտրել ու գտնել լավագույնը յուրաքանչյուրի համար։ Ոմանք սիրում են գեղեցիկ հագնվել, ոմանք սիրում են կարդալ, ոմանք նախընտրում են առողջ ապրելակերպ, մյուսները՝ գեղեցիկ և խնամված տեսք․ ցանկությունները տարբեր են։

Մեր սիրելիների ցանկությունները կատարելու ճանապարհին մենք վերադառնում ենք ի շրջանս յուր եւ խմբվում ենք մի մեծ ու գեղեցիկ նպատակի շուրջ՝ արտահայտելու միմյանց հանդեպ սերն ու ջերմությունը։ Ընտրե՛ք, թե այդ գեղեցիկ շրջանի մեջ ինչ հրաշագործության եք ուզում մասնակցել, ընտրեք ձեր սիրելի հեքիաթային հերոսին կամ ինքներդ դարձեք հրաշագործ թեկուզ կարճ ժամանակով։

Գրե՛ք նվերների մեծ ցուցակ և սկսեք մասնակցել սիրո մեծ շրջապտույտին․․․ մեկի համար այդ սերը կդրսեւորվի գրքի տեսքով, մյուսի համար՝ Նաիրիանի ոսկեգույն Գիշերային շիճուկով, որը ինքնին ջերմություն է հաղորդում, երրորդը, գուցե, երազում է հենց ձեր նվիրած ձեռնոցների մասին․․․ Հավատացնում եմ, որ դուք միշտ լսելու եք հետևյալ պատասխանը․ «Չես պատկերացնի՝ որքան վաղուց էի ուզում սա գնել, բայց չէր ստացվում․․․ »։ Ու դա այն լավագույն շնորհակալությունն է, որը հնարավոր էր ակնկալել։

Հ․Գ․ Ուշադիր եղեք, երբ ձեր հարազատները բարձրաձայն արտահայտվում են․ դուք կարող եք լսել նրանց երազանքների մասին ու հրաշքներ ստեղծել Ամանորին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Նաիրիանի Շուշան

*Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից – մեջբերված է Ռուբեն Հախվերդյանից։

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: