Ամառային պաշտպանիչ խնամք Նաիրիանից | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ամառային պաշտպանիչ խնամք Նաիրիանից
15 Հուլիս, 2019 / Անահիտ Մարկոսյան, Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար

Ամառն արդեն իր բարձրակետին է, եւ արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանվելը դարձել է օրվա ամենակարեւոր խնդիրը: Շատերն այս օրերին մեկնում են ծովափնյա հանգստի կամ բարձրանում են սարերը (որտեղ արեւն առավել վտանգավոր է), եւ եթե անգամ մնում են իրենց քաղաքում, հիմնական ժամանակն անցկացնում են դրսում, մասնակցում տարատեսակ բացօթյա միջոցառումների:

Շոգ երկրներում ապրող մարդիկ դարերի ընթացքում մշակել են արեւից պաշտպանվելու տարատեսակ հնարքներ: Արաբական երկրներում մարդիկ իրենց մարմինը հնարավորինս ծածկում են հագուստով, Չինաստանում և հարավարևելյան Ասիայի երկրներում տարածված են հովանոցներն ու լայնեզր գլխարկները, իսկ Մարոկկոյի կանայք ծածկում են իրենց դեմքն ու մազերը արգանի յուղի հաստ շերտով՝ ուժեղացնելու մաշկի արտաքին շերտի դիմադրությունը և պահպանելու մաշկի եւ մազերի հարաբերական խոնավությունը:

Սակայն մենք՝ հայերս, նախընտրում ենք ամռանը կրել բաց հագուստ, և արգանի յուղն էլ մեզ առանձնապես չի օգնի, քանի որ Հայաստանը բարձրավանդակային գոտում է: Մեզ սպառնում է ավելի վտանգավոր երեւույթ՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները (UVA/UVB):

UVA ճառագայթները բավական խորն են թափանցում մաշկի արտաքին շերտեր և քայքայում կոլագենն ու էլաստինը, ինչի հետևանքով մաշկը կորցնում է իր առաձգականությունը, կնճռոտվում է և ավելի հակված է պիգմենտացիայի: Արժե նշել, որ UVA ճառագայթները հեշտորեն ներթափանցում են ապակու միջով, այնպես որ օրվա մեջ մեքենայով երկար ճանապարհ գնալիս, բաց կամ փակ պատուհանների միջոցով մենք մի հսկա բաժին ենք ստանում այդ ճառագայթներից:  

UVB ճառագայթները ապակու միջով գրեթե չեն թափանցում և ազդում են միայն մաշկի ամենաարտաքին շերտի վրա, սակայն դրանք բավականին հզոր են և կարող են ձևափոխել բջջային ԴՆԹ –ն՝ առաջացնելով անցանկալի մուտացիաներ և անգամ մաշկի քաղցկեղ:

Ի՞նչ անել, ինչպե՞ս պաշտպանվել այդ ճառագայթներից, եթե չենք ուզում կամ չենք կարող ամեն օր՝ 11.00-ից մինչև 16.00-ը, անցկացնել փակ տարածքներում: Ցանկություն չունեք չէ՞ ցերեկային ժամերին դուրս գալ տանից՝ ոտքից գլուխ շորերի մեջ փաթաթված: Փառք Աստծո, մեր երկրի հարուստ բնությունը մեզ ընծայել է անկրկնելի բնական միջոցներ, որ պաշտպանվենք ամառային արևի տափից, եւ դրանցից «Նաիրիան» ընկերությունը ստեղծել է կատարյալ հաճելի և բուրավետ համադրություններ, որոնց մասին ձեզ այժմ կպատմեմ:

Առաջին հերթին խոսքը մասուրի կորիզայուղով Ցերեկային շիճուկի մասին է, որն արգանի յուղից էլ ավելի հարուստ է մաշկը խոնավացնող ճարպաթթուներով, եւ պարունակում է UVA/UVB ճառագայթներից պաշտպանող նյութեր:

Այդպիսի նյութերից է, օրինակ, տրետինոինը: Տրետինոինը ռետինոիդ է, որը հեշտությամբ թափանցում է մաշկի առաջին երկու շերտեր՝ կանգնեցնելով այնտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ կոլագենի և էլաստինի քայքայումը և, միևնույն ժամանակ,  տրետինոինը խթանում է հավելյալ կոլագենի արտադրությունը: Այսպիսով, այն մի կողմից պաշտպանում է մաշկը արևի վնասակար ազդեցությունից, մյուս կողմից ինչ-որ չափով օգնում է վերականգնելու մաշկի հին վնասվածքները: Մասուրի յուղը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին Е, որն ուժեղ հակաօքսիդիչ նյութ է և արգելակում է աղտոտված մթնոլորտի ու արևի ճառագայթների ազդեցության ներքո մաշկի արտաքին շերտերում կատարվող վատանգավոր օքսիդացման պրոցեսները:

Մյուս կարևոր նյութերը, որոնք լայնորեն օգտագործում ենք մեր բանաձեւերում մաշկի պաշտպանության համար, վարդի և նարդոսի եթերային յուղերն են, ինչպես նաև՝ վարդաջուրը: Այս նյութերը, լինելով ուժեղ հակաօքսիդիչներ, նույնպես զգալիորեն դանդաղեցնում են կոլագենի քայքայման պրոցեսը մաշկի արտաքին շերտերում՝ կանխարգելելով նաեւ արեւի վնասակար ազդեցությունը:

Անշուշտ, լիարժեք պաշտպանության համար անհրաժեշտ են նաև արեւապաշտպան նյութեր, ինչպիսին են, օրինակ, ցինկի օքսիդը և տիտանի երկօքսիդը: Երկուսն էլ հանքային նյութեր են՝ թույլատրված օրգանական կոսմետիկ միջոցներում: Դրանք արտացոլում են արևի ճառագայթները և թույլ չեն տալիս, որ ճառագայթները ներթափանցեն մաշկի մեջ:

Ի՞նչ ենք մենք առաջարկում:

Առավոտյան լվացվելուց հետո դեմքն արժե թեթևակի ցողել մեր վարդաբույր Տոնավորող հեղուկով, որի մեջ կա մեծ քանակությամբ վարդաջուր, ինչպես և մաշկի խոնավությունը պահպանող հատուկ նյութեր: Դրանից հետո, դեռ խոնավ դեմքը խորհուրդ ենք տալիս մերսել մի քանի կաթիլ Նաիրիանի Ցերեկային շիճուկով: Այն պարունակում է մասուրի յուղ և վարդի եթերայուղ: Մերսումը կօգնի ապահովել արևապաշտպան յուղերի խորը թափանցումը մաշկի վերին շերտեր և կբարելավի դեմքի արյան և ավշի շրջանառությունը՝ վերացնելով գիշերվա ընթացքում դեմքի հնարավոր այտուցումը:

Եվ իհարկե, այս ամենից հետո կարելի է կիրառել Նաիրիանի SPF 30 կամ SPF 45 արևապաշտպան քսուքներից մեկը՝ այն հավասարաչափ տարածելով դեմքին (չմոռանալով նաև աչքերի շուրջ մաշկը և կոպերը): 

Նաիրիանի արևապաշտպան քսուքները, պաշտպանիչ հանքային նյութերից բացի պարունակում են նաև վարդաջուր, նարդոսի եթերայուղ, խոնավությունը պահպանող հիալուրոնային թթու և բնական մետաքսի սպիտակուցներ:

Ահա և վերջ. Ձեր մաշկը լիովին պաշտպանված է: Եթե ցանկանում եք նաև շպար օգտագործել, այն կարելի է ավելացնել արեւապաշտպան քսուքից հետո, կամ էլ կարելի է խառնել քսուքին եւ օգտագործել այդպես:

Ի դեպ, այսպիսի լիարժեք ամառային խնամքի դեպքում արդեն խոնավացնող քսուքը պարտադիր չէ, բայց եթե չեք ուզում հրաժարվել ձեր սիրելի ամենօրյա խոնավացնողից, ապա խառնեք շիճուկը ձեր նախընտրած խոնավացնող քսուքին և քսեք այն ամիջապես Տոնավորող հեղուկը ցողելուց հետո` SPF -ից առաջ:

Եթե հարցեր ունեք, գրեք մեր ֆեյսբուքյան էջին: Եթե ձեր մաշկը վնասվել է կիզիչ արեւից, այցելեք Նաիրիան բուտիկներ (Թումանյան 34 եւ Սարյան 13) եւ մեր խորհրդատուները կօգնեն ձեզ վերականգնելու ձեր մաշկի գեղեցկությունն ու առողջությունը:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: