Ալյումինը դեզոդորանտներում | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Ալյումինը դեզոդորանտներում
20 Փետրվար, 2019 / Մայա Ադիվի, կոսմետոլոգ

Նաիրիանի նոր, բնական եւ ալյումին չպարունակող դեզոդորանտների թողարկման այս օրերին անպայման ուզում ենք պատմել ձեզ, թե ինչու ենք հեռու մնում դրանցում հատկապես ալյումինի կիրառումից, այն դեպքում, երբ ալյումինը ամենից հաճախ հանդիպող բաղադրիչներից է հոտազերծիչների բանաձեւերում:

Հակաքրտինքային միջոցները, որոնց մեջ սովորաբար կիրառվում է ալյումինը, սովորական հոտազերծիչ դեզոդորատներից տարբերվում են իրենց ազդեցությամբ: Հակաքրտինքային քսուքի բաղադրիչների ցանկում կարող եք հեշտությամբ գտնել aluminium chlorohydrate-ը: Այն փակում է քրտնագեղձերը եւ արգելակում քրտնարտադրությունը:

Մինչդեռ բոլորիս է հայտնի, որ քրտնելը մեր մարմնի ինքնամաքրման եղանակներից է: Հիշենք «մինչեւ չքրտնես՝ չես առողջանա» աքսիոմը մրսածության կամ գրիպի դեպքում: Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանն այս առիթով ասում է. «Մենք չենք արտադրի հակաքրտինքային քսուք, քանի որ վստահ չենք, որ արժե միջամտել կամ ազդել մեր մարմնի բնական մաքրման մեխանիզմի վրա»:

Ալյումին չպարունակող հոտազերծիչները, փաստորեն, չեն միջամտում մեր մարմնի առողջության պահպանման բնականոն աշխատանքին: Դրանց նպատակը քրտնահոտի չեզոքացումն է: Եկեք պարզենք, ուրեմն, ինչ խնդիրներ են կապված ալյումինի հետ եւ ինչու պետք է ամեն կերպ խուսափել ալյումինի հիմքով դեզոդորանտներից:

Կասկածելի ալյումին

Ալյումինի վերաբերյալ հիմնական մտահոգությունները կապվում են Ալցհայմերի հիվանդության կամ կրծքի քաղցկեղի հետ: Տարբեր աղբյուրներից հայտնի է դառնում, որ հակաքրտինքային միջոցները քաղցկեղածին են, քանի որ դրանք թույլ չեն տալիս մարմնին քրտագեղձերի օգնությամբ ազատվելու իր մեջ կուտակված թունավոր նյութերից: Դեզոդորանտներում կիրառված ալյումինը հայտնաբերվել է կրծքի քաղցկեղի հյուսվածքում, եւ հավանական է, որ այն այնտեղ է հայտնվել մաշկի միջոցով, հատկապես, եթե մաշկը վնասված է եղել սափրումից: Սա չի նշանակում, իհարկե, որ հենց ալյումինն է եղել քաղցկեղի առաջացման պատճառը: Բանն այն է, որ նմանատիպ հետազոտությունները վերջնական արդյունք չեն բացահայտում:

Քաղցկեղի ազգային ինստիտուտը՝ ամերիկյան գլխավոր հետազոտական ինստիտուտը, որը զբաղվում է քաղցկեղի ուսումնասիրությամբ, հայտարարել է. «Քանի որ հակաքրտինքային միջոցների եւ հոտազերծիչների եւ կրծքի քաղցկեղի հավանական կապի վերաբերյալ հետազոտությունները հակասական արդյունք են տվել, կարիք ունենք հավելյալ ուսումնասիրությունների՝ պարզելու, թե արդյոք այդ կապը գոյություն ունի»: Ալցհայմերի հիվանդության եւ ալյումինի փոխազդեցության վերաբերյալ հետազոտությունները նույնպես վերջնական չեն: Որոշ չափով ուսումնասիրվել է խմելու ջրում ալյումինի մակարդակի եւ Ալցհայմերի հիվանդության աստիճանի փոխկապակցվածությունը, սակայն այն չի դիտարկել հակաքրտինքային միջոցները: Ամեն դեպքում, կարող ենք նշել, որ Ալցհայմերի հիվանդություն ունենալու հնարավոր ռիսկը մեծանում է, երբ նոր սափրված մաշկին կիրառվում են հակաքրտինքային քսուքներ: Անահիտը չի ցանկանում խաղալ այս ամենի հետ. «Մենք չենք կարող վտանգել մեր առողջությունը՝ հույսներս դնելով ապագայի հետազոտությունների վրա: Մեր որոշումը նման դեպքերում չի քննարկվում, որովհետեւ ավելի լավ է կանխել, քան բուժել: Մենք հաճախորդների առողջությունը վտանգել չենք կարող, ուստի հեռու ենք մնում ալյումինից:

Ալյումինը միակ վտանգավոր բաղադրիչը չէ

Շուկայում տարածված հակաքրտինքային քսուքներն ու հոտազերծիչները բազմաթիվ այլ քիմիական նյութեր են պարունակում, որոնք, մեղմ ասած, օգտակար չեն: Արհեստական բույրերից մինչեւ կոնսերվացնող բաղադրիչներ՝ դրանք բացասական ազդեցություն ունեն թե՛ առողջության, թե՛ բնության վրա: Արհեստական բույրերը, մասնավորապես, ազդում են հորմոնային համակարգի վրա, անգամ այն աստիճանի, որ մեր մարմինը կորցնում է հավասարակշռությունը: Արհեստական պահպանող բաղադրիչները եւ հատկապես ֆորմալդեհիդի դոնորները եւ պարաբենները պարունակում են քաղցկեղածին ռիսկեր: Արդեն կարող եք գուշակել, որ այս հետազոտությունները նույնպես վերջնական արդյունքներ չեն տրամադրում: Կասկածելի կազմությամբ այս քսուքները սովորաբար կիրառվում են մարմնի առավել խոցելի հատվածում: Ըստ Անահիտի՝ «տրամաբանությունը հուշում է, որ լավ է՝ ոչ մի վտանգավոր ու կոշտ միջոց չկիրառել կրծքերի եւ կարեւոր ավշային հանգույցների շրջանում»: Նաիրիանում արգելված բոլոր նմանօրինակ բաղադրիչների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Ի՞նչ անել

Կզարմանաք, թե որքան հեշտ է բնական ծագումով այլընտրանք գտնել անփոխարինելի թվացող հակաքրտինքային քսուքներին ու հոտազերծիչներին: Անահիտը խորհուրդ է տալիս. «անհաճո քրտնահոտից ազատվելու համար ոչ մի վտանգավոր քիմիայի կարիք չկա: Ընդամենը պետք են հոտասպան բնական միջոցներ: Մեր դեպքում՝ դա սպիրտն է եւ մանրէասպան եթերայուղերը, մի դեպքում Նարդոսի, մյուսում՝ Կիտրոնախոտի բույրերով: Պաշտպանություն՝ առանց կողմնակի ազդեցությունների»:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: