Նաիրիանի արտակարգ աշխատանքը տնից | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Նաիրիանի արտակարգ աշխատանքը տնից
14 Ապրիլ, 2020 / Նաիրիան

Մինչ մեր պարտեզն ու դաշտերը շարունակում են ծլել-ծաղկել, առաքման ծառայությունը՝ ընդլայնվել, իսկ լաբորատորիան՝ նոր բանաձեւեր մշակել, Նաիրիանի մյուս թիմերով կամավոր մեկուսացել ենք մեր բնակարաններում ու տներում: Աշխատում ենք տնից: Այդքան էլ հեշտ չէ աշխատանքային սովորույթներից հրաժարվելը, դրանք նորերով փոխարինելը: Ի՞նչ առավելություններ ու փորձություններ է առաջարկում հեռավար աշխատանքը. պատմում են Նաիրիանի մեկուսացած ու իրար կարոտած աշխատակիցները: 
 

Քրիստինե Երեմյան

Աշխատանքս դարձել է ավելի արդյունավետ, հասցնում եմ աշխատանքային գործերը կարգավորել, տնային գործերը հասցնել եւ սպորտով զբաղվել: Տանը, կարծես, ավելի հարմարավետ է, կարող ես, օրինակ, տաքուկ-տաքուկ փաթաթվել, նստել բազմոցին ու աշխատել: Ողջ օրը տանը մենակ եմ, խանգարող չկա: Դրա բացասական կողմն էլ այն է, որ արդեն «մոռացել» եմ մարդկանց հետ շփվելը: 

Սահականուշ Եղիազարյան

Այն օրվանից, երբ Թումանյանի բուտիկը փակվեց, ողջ օրը ֆեյսբուքի առջեւ եմ։ Նամակներ, նամակներ, նամակներ… Սկսում եմ պատասխանել առավոտյան ամենաուշը 9։30-ից մինչեւ ուշ երեկո: Օնլայն խորհրդատվություն և վաճառք անելը շատ դժվար է, հարցից հարց է ծագում, հաճախորդներն ավելի դժվարությամբ են կողմնորոշվում: 

Իսկ այդ ընթացքում մեր տան այգին շատ գեղեցիկ ծաղկել է… ափսոսում եմ, որ օրվա մեջ չեմ հասցնում դուրս գալ ու վայելել գարունը: Ճիշտ է, տանն եմ, բայց կարծես ավելի մեկուսացած լինեմ ընտանիքից, որովհետեւ աշխատանքային պատասխանատվությունն ավելացել է: Էլ չասեմ, որ դժվարանում եմ ժամանակին պատասխանել անձնական զանգերին ու նամակներին: Երբ ազատ եմ, փորձում եմ ֆիլմեր դիտել ու գրքեր կարդալ: 

Լիանա Սաֆարյան

Տնից աշխատելն ինձ համար բավականին լուրջ մարտահրավեր էր։ Ամենից շատ կարոտում եմ առավոտյան դեպի մեր գրասենյակ տանող ճանապարհը։ Խոստովանեմ՝ սիրում եմ Երևանը… Տանն իմ աշխատանքային օրը սկսվում է, ինչպես եւ նախկինում՝ սուրճից։ Օրվա ընթացքում բազմաթիվ գործնական հանդիպումներին փոխարինել են զանգերը, իսկ ստացած եւ ուղարկված նամակների թիվն ուղղակի անհաշվելի է։

Ինքս ինձ համար զատել եմ կենցաղը և աշխատանքը։ Աշխատանքային ժամերին փորձում եմ չզբաղվել կենցաղային գործերով։ Ընդմիջման ժամը նույնպես անփոփոխ եմ թողել։ Հուսով եմ, որ արդեն շատ շուտով կվերադառնանք մեր կյանքի բնականոն ռիթմին, չեմ ցանկանում փոփոխել ժամանակի զգացողությունս: Ամուսինս նույնպես այս ընթացքում տնից է աշխատում, եւ որպեսզի մեր գործնական զանգերի ժամերը չհամընկնեն, նախօրոք միմյանցից ճշտում ենք, թե ով երբ է խոսելու։ Նաև օգտագործում ենք «Krisp» ծրագիրը, որը հեռախոսազանգի ժամանակ խլացնում է շրջակա աղմուկը։

Անի Մուշեղյան

Դե ինչ, ես էլ փակվում եմ (աշխատա)սենյակում ու փոքրիկներիս մոտ ձևացնում, թե տանը չեմ: Աշխատանքին զուգահեռ հաճախ բարձր երաժշտություն եմ լսում ականջակալներով, բայց երբեմն էլ գլխացավ եմ ունենում դրա պատճառով: Փորձում եմ խուսափել քնի խանգարումներից, փորձում եմ անդադար չուտել, որ չգիրանամ: Սիրում եմ լինել խնամված եւ, ինչ խոսք, օգտվում եմ Նաիրիանի խնամքի միջոցներից: 

***
Իսկ դո՞ւք ինչպես եք անցկացնում ձեր արտակարգ ժամանակը: Գրե՛ք մեր ֆեյսբուքյան էջին. այս օրերին Սահականուշն իր ողջ եռանդը ներդնում է գոհացնող խորհրդատվություն ապահովելու համար: Կիսվեք նաեւ ձեր մտահղացումներով, իսկ մենք միշտ պատրաստ ենք դրանց ականջալուր լինել: 

Մինչ հանդիպում

 

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: