Արեվապաշտպան քսուքներ. ինչպես կատարել ճիշտ ընտրություն | Nairian
Զամբյուղ
Ապրանք: 0
Ազդագիր
Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ:
Արեվապաշտպան քսուքներ. ինչպես կատարել ճիշտ ընտրություն
14 Հունիս, 2019 / Անահիտ Մարկոսյան, Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար

Արեւապաշտպան քսուքներ. Ինչ տեսակներ կան եւ ինչպես կատարել ճիշտ ընտրություն 

Արեւն անհրաժեշտ է երկրի վրա ապրող ցանկացած կենդանի օրգանիզմի բնականոն զարգացման համար: Արեւի ազդեցությամբ մեր մարմնում արտադրվում են D վիտամինը եւ կոլագենը, կայունանում է իմունիտետը եւ բարձրանում տրամադրությունը: Մինչդեռ եթե արեւը չափազանց շատ է, դրա ճառագայթները կարող են առողջության համար վտանգավոր ազդեցություն ունենալ ինչպես մաշկի, այնպես էլ ողջ օրգանիզմի վրա (արեւայրուք, արեւահարություն): Իսկ ինչպե՞ս ընդունել արեւի ճառագայթները չափավոր քանակությամբ:

Իհարկե, մարդու անհատական տեսակը, նրա մաշկի գույնն ու որակը, տարիքը, բնակավայրը, գործունեությունը, անգամ տարվա եղանակն ու միջավայրի աղտոտվածության աստիճանը որոշիչ են: Կարելի է ընդհանուր խորհուրդներ տալ, թե ինչպես խուսափել արեւի տակ երկար լինելու բացասական հետեւանքներից: Օրինակ, անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ուղիղ ճառագայթներից, եւ հատկապես խուսափել արեւայրուքից ժամը 12.00-16.00-ն ընկած ժամանակահատվածում, երբ արեւի ճառագայթներն ամենաուժգինն են: Բանն այն է, որ ոչ մի արեւապաշտպան քսուք չի կանխարգելում արեւի ազդեցությունը 100%-ով, այն պարզապես պաշտպանում է տեւական ժամանակ արեւի տակ լինելու ընթացքում: Այդպիսի խնամքի միջոցների պաշտպանության աստիճանը որոշվում է արեւապաշտպան գործոնով (SPF, Sun Protection Factor), որը նաեւ ցուցում է, թե ինչ տեւողոթյամբ կարելի է մնալ արեւի տակ առանց այրուք ստանալու: Շուկայում սովորաբար կարելի է հանդիպել հետեւյալ SPF-ով քսուքների.

● SPF 10 – 20 – բարձր պաշտպանություն. պաշտպանում է ՈՒՄ-ից (ուլտրամանուշակագույն ճառագայթներ) 95% ով,

● SPF 20 –30 – ինտենսիվ պաշտպանություն, պաշտպանում է ՈՒՄ-ից 97%-ով,

● SPF 45 – 50 – այսպես կոչված արեւարգելում, պաաշտպանում է ՈՒՄ-ից 99,5%-ով:

Եթե առանց որեւէ պաշտպանության մաշկը արեւի տակ կարմրում է, ասենք, 6 րոպեից, ապա SPF 10 քսուքի կիրառության դեպքում կարելի է շուրջ մեկ ժամ լինել արեւի տակ եւ արեւայրուք չստանալ: Այսպիսով, SPF-ը ցուցում է, թե տվյալ միջոցը ինչքանով է պաշտպանում մաշկը ուլտրամանուշակագույն երկարալիք ճառագայթներից (UVA), որոնք առաջացնում են կարմրություն եւ այրուք: Սակայն գոյություն ունեն նաեւ կարճալիք ճառագայթներ (UVB), որոնց ազդեցությունն անմիջապես հնարավոր չէ տեսնել աչքով, սակայն դրանք պակաս վտանգավոր չեն: Կարճալիք ճառագայթները ներթափանցում են մաշկի առավել խորը հատվածներ, քայքայլում սպիտակուցները, էլաստինը ու հարուցում լիպիդների (ճարպակերպեր) գերօքսիդացում, ինչը ժամանակի ընթացքում արտահայտվում է կանխահաս մանր կնճիռների առաջացմամբ եւ նման ոչ հաճելի երեւյթների արտահայտմամբ, որոնք մեկ բառով կոչվում են «ֆոտոծերացում»: Հենց այդ պատճառով այսօր կարեւոր է ընտրել լայն պաշտպանություն ապահովող խնամքի միջոցներ, որոնք «վնասազերծում» են թե՛ UVA, թե՛ UVB ճառագայթները:

Ինչպե՞ս հասկանալ, թե երբ եւ ինչ աստիճանի պաշտպանություն է պետք մաշկին: Ընդհանուր խորհուրդներն այս դեպքում կարող են չաշխատել, քանի որ յուրաքանչյուրը պետք է իմանա իր մաշկի առանձնահատկություններն ու հաշվի առնի եղանակն ու կլիման: Եթե դուք լեռնային տարածքում եք, ուր օդը մաքուր է եւ ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես ուժեղ են, կարելի է կիրառել SPF 45-50-ը: Քաղաքում, ուր օդի աղտոտվածությունն օգնում է արեւի ճառագայթների մասնակի ցրմանը, կարելի է օգտագործել SPF 30, անգամ ամռանը: Իսկ SPF 15-ը հարմար է ամպամած օրերին կիրառելու համար, ինչպես նաև այն դեպքերում, եթե օրվա մեծ մասն անցկացնում եք փակ տարածությունում:

Արեւապաշտպան քսուքներն առաջարկում են նաեւ պաշտպանական տարբեր մեխանիզմներ: Օպտիկական պաշտպանության ֆիլտրերը՝ տիտանի երկօքսիդը (Tio 2) կամ ցինկի օքսիդը (ZnO), որոնք հանքային միացություններ են, պարզապես արտացոլում եւ ցրում են արեւի ճառագայթները: Այս ֆիլտրերը թույլատրելի եւ կիրառելի են օրգանական կոսմետիկայում, քանի որ նշածս միներալները չեն ներթափանցում մաշկի մեջ եւ բացասական ազդեցություն չեն թողնում օրգանիզմի վրա (եթե, իհարկե, չեն կիրառվում այս միացությունների նանո-մոլեկուլային ձեւերը): Կան քիմիական պաշտպանության ֆիլտրեր՝ ավտոբենզոնը, բենզոֆենոնը կամ նման այլ քիմիական միացություններ, որոնք կլանում են արեւի ճառագայթները: Սրանք կարող են ալերգիա առաջացնել կամ մաշկի բորբոքում, ուստի զգայուն մաշկ ունեցողներին խորհուրդ կտանք խուսափել քիմիական պաշտպանության մեխանիզմից:

Մի քանի պարզ կանոն, որոնց օգնությամբ ֆիլտրերը կաշխատեն առավել արդյունավետ․

Եթե ձեր արեւապաշտպան քսուքը միներալների (ցինկի օքսիդ, տիտանի երկօքսիդ) հիմքով է, ապա այն կարելի է կիրառել արեւային լոգանքից անմիջապես առաջ, քանի որ պաշտպանությունը սկսում է գործել անմիջապես: Իսկ քիմիական պաշտպանությամբ արեւապաշտպան քսուքներն անհրաժեշտ է կիրառել տանից դուրս գալուց առնվազն 20 րոպե առաջ, քանի որ կարելի է այրվել, մինչեւ այն կսկսի ամբողջությամբ ներգործել:

Արեւապաշտպան քսուքը պետք է թարմացնել լողալուց հետո եւ յուրաքանչյուր 2 ժամը մեկ, եթե արեւի տակ եք, քանի որ ժամանակի ընթացքում եւ ջրի ներգործությամբ ֆիլտրերը կորցնում են իրենց արդյունավետությունը, թեեւ այժմ արդեն կան հատուկ ջրակայուն քսուքներ, որոնք բավական լավ են պաշտպանում մաշկը լողի ընթացքում:

Երբեք մի թողեք արեւապաշտպան քսուքը արեւի ուղիղ ճառագայթների տակ, լողափին կամ մեքենայում, քանի որ քսուքն այդպիսով կարող է որակազրկվել:

Մնացեք կապի մեջ
Բաժանորդագրվեք մեր ազդագրին և ստացեք նոր ապրանքների ու հատուկ առաջարկների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ գեղեցկության խորհուրդներ և այլ անակնկալներ: